22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին և դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:
Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ և պատկառանքով, մայրական սիրով սերունդներին են փոխանցել հայրենի ավանդները՝ շեն և ամուր պահելով հայ ընտանիքը:
Սիրելի տիկնայք և օրիորդներ, ուրախ ենք, որ այսօր բարեպաշտ նույն ոգով ու նվիրվածությամբ շարունակում եք աստվածապարգև Ձեր շնորհներով ջանքեր ներդնել՝ հանուն երիտասարդ սերնդի դաստիարակության, մեր երկրի զորացման և մեր ժողովրդի կենաց հարատևության:
Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տերը Ամենօրհնյալ Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ բաշխի Ձեզ կանացի և մայրական բերկրալի անսպառ երջանկություն, քաջառողջություն, լիախնդություն և անսասանություն՝ Ձեր կյանքի և առաքելության ընթացքին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր Ամենազոր Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին և ամրապնդի ամենքիդ՝ հույսի, հավատի և սիրո աստվածային առաքինությունների մեջ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն: